Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

...ՈՒ մղկտո՜ւմ էիր բարության պակասից

...ՈՒ մղկտո՜ւմ էիր բարության պակասից
01.07.2016 | 09:27

Քո այդ Երկնային ճանապարհին հետ նայիր մի պահ՝ բան չթողեցի՞ր կիսաճամփիդ: Մենք այսօր հրաժեշտի կհավաքվենք քեզ մոտ: Դու գնում ես, և մեր հուշերում անտես, բայց և ամուր ու տիրական գալիս-տեղավորվում է պարզ, ուղղամիտ, միամտության աստիճանի պարզախոս ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ՝ Հրաչօն (դու այսպես էիր գրում քո անունը): Քո բառերը, քո աֆորիտիկ զրույցներն են մեր շուրթերին, քո ջերմ խոսքերը, որ շռայլորեն տալիս էիր բոլորին՝ նրանց ծննդյան օրվա ուրախությանը, նրանց հեղինակած մի նոր գրքի, անգամ լրագրային մի հոդվածի առիթով: Ո՜նց էիր գտնում այդքան ժամանակ ու ցանկություն, այդքան ջերմություն ու տրամադրություն, որ ոգևորեիր, անգամ խրատեիր:


Այս մի բուռ երկրի մեջ դու քո երկիրն էիր ստեղծել, որի ամեն ցավոտ տեղը քո ցավն էիր դարձրել ու մղկտում էիր… բարության պակասից: Ո՞Ւր կորավ, ախր, այդ բարություն կոչվածը, որ փնտրում էիր, հա՛ փնտրում՝ քո խոսելով, քո գրելով, հաճախ քո լուռ պահվածքով, որ ավելի խոսուն էր: Գրածներիդ մեջ սե՜ր, ասածիդ, խոսվածքիդ, պա՜րզ հայացքիդ մեջ՝ սե՜ր: Այնքան տվիր ու բաժանեցիր, որ ինքդ մի բուռ մնացիր ու խեղճացար: Որքան պակասում էին քեզ հասկացողները, քո մտքերին թև ու թիկունք դարձողները, դու այնքան խեղճանում էիր: Շռայլածդ՝ շատ, ստացածդ՝ քիչ, ինքդ քեզ քրքրելով փայփայում էիր երկրիդ անկախությունը՝ ծննդավայրիդ մարդկանց բնորոշ պարզությամբ ու միամտությամբ շուրթերիդ թառած հարցականով՝ «Բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Ազատության հրապարակի մեր բռունցքվելը: Այնտեղ բարի էինք, չէ՞, այնտեղ սիրում էինք իրար, չէ՞, հավատում էինք իրար, չէինք կեղծում և իրար չէինք թալանում, չէ՞...»:


Ա՛յդ էր բնույթդ, այդպիսին էին քո ակնարկները, քո հոդվածները: Ի՞նչ աղբյուրից էին սնվում քո մտքերը, որ այդպես զորավոր էին դարձրել գրիչդ: Քո աղբյուրը սե՞րն էր քո հերոսի հանդեպ, մարդու հանդեպ, այն մարդու, ով ընթերցողիդ սիրելին էր դառնում, որովհետև քո ջերմությունը լցվում էր նրա վրա՝ տարածո՜ւն, տարածուն: Ովքե՛ր էին քո հերոսները, ում դու գտնում, հանդիպում էիր Զանգեզուրի Ծավ գյուղից ու Շիկահողի արգելոցից սկսած մինչև Արցախի սահմանապահ գյուղերը: Քո տերմինն է՝ սահմանապահ, այդ գյուղերում ապրող մարդիկ էլ քեզ համար ու քո բնորոշմամբ սահմանապահ էին: Նրանց մասին քո պատմածը, քո ասելիքը լրագրերի էջերում չէին տեղավորվում ու գնում-լցվում էին վիպակների ու պատմվածքների քո գրքերում՝ «Մաճկալներ», «Բարի մարդկանց հովիտը», «Աստղերի հետ թռչում էր իմ ձին», «Ալևորներ», «Խաչքար Հայաստան», «Տուն մոր համար», «Սարերիդ նման դու հպարտ ապրիր», «Սարաշեղջ Արագած» ... Շարունակե՞մ թվարկել: Դրանք դու պահ տվեցիր մեզ, որ մենք էլ մեր զավակներին ու թոռներին պահ տանք: Այդպես շարունակ, որ Հրաչօ անունը երկա՜ր, երկար մնա քո այս սիրած, քո այս փայփայած մի բուռ երկրի վրա:
Մխիթարություն չունենք՝ դու չապրեցիր այնքան, որ բնականոն լիներ Աստծո մոտ գնալու ժամանակդ: Ի՞նչ արած...

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ